Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 2025թ. մայիսի 26-27 Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը:
«Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։
Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝ առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»։
hetq