Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
(last modified Wed, 28 May 2025 15:57:00 GMT )
Մայիս 28, 2025 19:27 Asia/Tehran
  • Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու:

Այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով իր ուղերձում:

 «Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ: Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ»,–ասաց Փաշինյանը: 

Նա հիշեցրեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի» նախագիծը համաձայնեցված է,  համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են:

Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն: Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա:

 Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն:Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ:

Միացյալ Նահանգների հետ հաստատել է ռազմավարական գործընկերություն: Հնդկաստանի հետ Հայաստանի գործակցությունը խորանում է:

Ֆրանսիայի և Եվրամիության հետ հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: 

«Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են: Բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է: Ինքնիշխանությունն ու անկախությունը իրողություն են:   Պետությունը իրողություն է:  Եվ մենք պետք է գնահատենք ու փայփայենք այս ձեռքբերումները: Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան: Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն: ՀՀ ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահեն իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը:   Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ: Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,–շեշտեց Փաշինյանը:

armenpress.am