Այս տարի ՀՀ–ն կփորձարկի էլեկտրոնային բեռնագրերով փոխադրումները դեպի ԵԱՏՄ երկրներ
(last modified Wed, 11 Jun 2025 14:29:02 GMT )
Հունիս 11, 2025 17:59 Asia/Tehran
  • Այս տարի ՀՀ–ն կփորձարկի էլեկտրոնային բեռնագրերով փոխադրումները դեպի ԵԱՏՄ երկրներ

Այս տարի Հայաստանը մտադիր է փորձարկել էլեկտրոնային բեռնագրերով փոխադրումները դեպի ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Էլեկտրոնային բեռնագրերով փորձնական փոխադրումն արդեն իրականացվել է Ռուսաստանի և Բելառուսի միջև, այժմ դիտարկվում է ԵԱՏՄ բոլոր երկրների միջև դրա իրականացման հնարավորությունը:

«Թղթային հաշիվ-ապրանքագրերը նվազագույնի հասցնելը ժամանակի զգալի խնայողության կհանգեցնի սահմանի հատման ժամանակ: Ավելի վաղ նման գնահատում էր անցկացրել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE), հիմա կարևոր է ստուգել, թե ինչպիսին կլինի այդ ցուցանիշը ԵԱՏՄ երկրներում»,- ասաց մեր զրուցակիցը։

Այժմ հայկական կողմը այդ փորձնական փոխադրումների ժամկետները համաձայնեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի   հետ։ Սիմոնյանի խոսքով՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ընթերցման ծրագրային ապահովումն արդեն կա, մնում է ավարտին հասցնել ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման հարցերը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ավելի վաղ արդեն միացել է էլեկտրոնային բեռնագրերի վերաբերյալ միջազգային կոնվենցիային և հիմա պատրաստ է դրանք փորձարկել ԵԱՏՄ տարածքում:

arm.sputniknews