Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն. Փաշինյան
Քաղաքացի չհանդիսացող անձինք ՀՀ–ում չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն։ Այս մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ այս հարցում օրենսդրական կարգավորման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա:
«Մեր երկրում կան երևույթներ, որոնք մենք անընդհատ հանդուրժում ենք, և որոնք չես տեսնի աշխարհի ոչ մի այլ երկրում։ Օրինակ` ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են քաղաքական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում՝ արտահայտելով ամենաարմատական հայացքները, ՀՀ քաղաքացիների առաջ ինչ–որ կոչերով հանդես գան, սահմանադրական կարգը տապալելու կոչեր հնչեցնեն։ Սա աներևակայելի ու անթույլատերլի բան է, և ես` որպես ՀՀ վարչապետ, նման բան չեմ կարող հանդուրժել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, անհրաժեշտության դեպքում պետք է օրենսդրական փոփոխություններ անենք նման դեպքերին արձագանքելու համար»,– ասաց Փաշինյանը։
Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀ իշխանությունը բավարար կամք ու խստություն չունի` պայքարելու նման երևույթների դեմ։ Ըստ նրա` ով լեզվի սայթաքում է անում, դա դեռ քրեական հետապնդման հիմք չէ, սակայն երբ հայտարարություններն արդեն ինքնաբուխ չեն, այլ հատում են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանները, այդ դեպքերում իրավապահ համակարգը պետք է արձագանքի։
arm.sputniknews