Երևան–Պեկին հարաբերությունների խորացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա. Միրզոյան
(last modified Thu, 03 Jul 2025 14:23:20 GMT )
Հուլիս 03, 2025 17:53 Asia/Tehran
  • Երևան–Պեկին հարաբերությունների խորացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա. Միրզոյան

Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում:

 Հայաստանի և Չինաստանի հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև Երևանը բաց է և պատրաստակամ՝ խորացնելու այդ հարաբերություններն առանց որևէ սահմանափակումների: Պեկին պաշտոնական այցի շրջանակներում South China Morning Post-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք դա քննարկել ենք Չինաստանի մեր գործընկերների հետ։ Մենք ընդգծել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տեսնում ենք փոխադարձ շահագրգռվածություն, հետաքրքրություն՝ այս հարաբերությունները պաշտոնապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում ևս»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում:

Միրզոյանն անդրադարձել է նաև Չինաստանի դիրքորոշմանը՝ Հայաստանի և հարևանների հարաբերությունների կարգավորման ճանապարհին, ընդգծել, որ Չինաստանն այն երկրների թվում էր, որոնք ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Միրզոյանը նշել է, որ նման կարգավորումն առանցքային նշանակություն կունենա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համար, որի նպատակն է բարելավել Հայաստանի և իր հարևանների, ինչպես նաև մյուս տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ փոխկապակցվածությունը։