Հայաստանը պետություն է, ոչ թե միջանցք. Հենրիխ Դանիելյանը
(last modified Sun, 06 Jul 2025 10:02:15 GMT )
Հուլիս 06, 2025 13:32 Asia/Tehran
  • Հայաստանը պետություն է, ոչ թե միջանցք. Հենրիխ Դանիելյանը

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․«Սյունիքը՝ ոչ թե լոգիստիկ միջանցք, այլ պետականության առանցք>>:

Այսօր Սյունիքի (Զանգեզուրի) շուրջ քննարկումները լոկ տնտեսական չեն։ Սյունիքը դարձել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորագույն հանգույցը՝ ձևավորվող աշխարհաքաղաքական ճնշումների խաչմերուկում։

Միջանցքի վերահսկողության փոխանցումը մասնավոր կամ տրանսազգային կառույցներին՝ «ներդրումային զարգացման» քողի տակ, փաստացի ենթադրում է պետական ինստիտուցիոնալ վերահսկողության կորուստ։ Դա սպառնում է Հայաստանի սուբյեկտությանը՝ ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում։

Արտաքին դերակատարների նախաձեռնած տարածաշրջանային նախագծերը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և այլ կենտրոնների մասնակցությամբ, միտված են Հարավային Կովկասի վերաձևմանը։ Այդ սցենարներում Հայաստանին հաճախ հատկացվում է անցումային տարածքի, այլ ոչ՝ ռազմավարական խաղացողի դեր։

Բայց Հայաստանը պետություն է, ոչ թե միջանցք։ Սյունիքը՝ որպես սահմանային, ազգային և ռազմավարական տարածք, պետք է մնա բացառապես հայկական վերահսկողության ներքո՝ ամբողջական քաղաքական պատասխանատվությամբ։

Ինչ պետք է անել

1)․ Ակտիվորեն զարգացնել Սյունիքի ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ անկախությունը

2)․ Կայացնել համազգային դիրքորոշում՝ տարածքային զիջումների ցանկացած փորձի դեմ

3)․ Վերականգնել Հայաստանի լիարժեք սուբյեկտությունը միջազգային մակարդակում

4)․ Գործել ինքնուրույն և գործընկերային հիմքով՝ մերժելով արտաքին կառավարման մոդելները

Ով վերահսկում է Զանգեզուրը՝ վերահսկում է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այդ պատճառով Սյունիքի հարցը ոչ միայն տարածքային է, այլև կառուցվածքային՝ Հայաստանի ապագա պետական մոդելի առումով»։