ԱԺ–ն պատգամավոր Արթուր Սարգսյանին զրկեց անձեռնմխելիությունից
(last modified Tue, 08 Jul 2025 12:52:36 GMT )
Հուլիս 08, 2025 16:22 Asia/Tehran
  • ԱԺ–ն պատգամավոր Արթուր Սարգսյանին զրկեց անձեռնմխելիությունից

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։

Ըստ այդմ` Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելուն կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 0։

Հավելենք, որ հաջորդիվ Ազգային ժողովը քննելու է նաև Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 7-ին զրկվեցին անձեռնմխելիությունից։

Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։

Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։