Փաշինյան–Ալիև հանդիպումը համարում ենք հաջողված. ՀՀ ԱԳՆ
(last modified Fri, 11 Jul 2025 06:48:47 GMT )
Հուլիս 11, 2025 10:18 Asia/Tehran
  • Փաշինյան–Ալիև հանդիպումը համարում ենք հաջողված. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Աբու Դաբիում կայացած հանդիպումը հաջողված է համարում։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ արտգործնախարարությունը։

«Հաստատում ենք, որ այդ հանդիպումը կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»,– ասված է հաղորդագրությունում:

ԱԳՆ–ն միաժամանակ անդրադարձել է ադրբեջանական պետական լրատվամիջոցների հրապարակումներին, ըստ որոնց` «կողմերը լուրջ և բովանդակալից քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման,  «Խաղաղության խաչմերուկ» նախագծում,  խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»:

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ: Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն այդ մասին կտեղեկացվեր»,– ընդգծել է ՀՀ ԱԳՆ–ն։

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա նախարարությունը խնդրում է հիմք ընդունել միայն պաշտոնական դիրքորոշումը:

«Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել»,– շեշտել է գերատեսչությունը։

ԱԳՆ–ն հորդորել է զերծ մնալ ադրբեջանական մամուլում կիրառվող՝ ոչ վերաբերելի եզրույթների մեջբերումից:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Աբու Դաբիում կայացած հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ և անցկացվել տարբեր ձևաչափերով։ Հանդիպումը սկսվել է ընդլայնված կազմով, ապա առաջնորդները շարունակել են առանձնազրույցը: Կես ժամ տևած ընդմիջումից հետո հանդիպումը կրկին շարունակվել է պատվիրակությունների կազմով, որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվել են առանձնազրույցի ձևաչափով:

Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: