ԱՄՆ–ն ու Իսրայելն աջակցում են Բաքվին. իրանցի պատգամավորը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i235592-ԱՄՆ_ն_ու_Իսրայելն_աջակցում_են_Բաքվին._իրանցի_պատգամավորը_Զանգեզուրի_միջանցքի_մասին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը «Զանգեզուրի միջանցք» նախագիծը սպառնալիք է համարում Իրանի ազգային շահերի համար։ Այս մասին նա ասել է Tabnak-ի հետ հարցազրույցում։ Պատգամավորը նշել է, որ այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ։
(last modified 2025-08-07T07:49:38+00:00 )
Օգոստոս 07, 2025 10:59 Asia/Tehran
  • ԱՄՆ–ն ու Իսրայելն աջակցում են Բաքվին. իրանցի պատգամավորը` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը «Զանգեզուրի միջանցք» նախագիծը սպառնալիք է համարում Իրանի ազգային շահերի համար։ Այս մասին նա ասել է Tabnak-ի հետ հարցազրույցում։ Պատգամավորը նշել է, որ այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ։

«Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը դեռևս լուծված չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս արագ իրականացնել այդ նախագիծը։ Այն կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի շահերի համար», – ասել է Ամիր Մողադամը։

Պատգամավորի խոսքով՝ Իրանի խորհրդարանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները դա կանխելու համար։ Մողադամի կարծիքով՝ այս նախագիծը խափանելու գլխավոր դերը պատկանում է Իրանի կառավարությանը, որը պետք է ակտիվ դիվանագիտության միջոցով կանխի Իրանի թշնամիների նպատակների իրականացումը։

Հուլիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չէր բացառել, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշել էր, որ Սյունիքում ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։ Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։

Ինչ վերաբերում է իրանական կողմի դիրքորոշմանը, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ցամաքային շրջափակման մեջ է գցելու Իրանին և Ռուսաստանին: