ՀՀ–ի համար առաջնահերթ է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը։ Այս մասին Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ ոչ խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմաններ ապահովելու հիմքերից մեկը»,– շարունակեց Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետը կարևորեց միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և հանձնաժողովների փոխգործակցությունը, հատկապես բարձր հարկվող ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի ոլորտում։ Նրա կարծիքով՝ նման համագործակցությունը և պատշաճ վերահսկողությունն ուղղակիորեն ազդում են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։
«Կայուն տնտեսական աճի մեկ այլ ուղղություն ՀՀ-ն դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև տեխնոլոգիական գործիքներին ապավինում։ Արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար»,– նշեց փոխվարչապետը։
Գրիգորյանի խոսքով՝ բիզնես գործընթացների օպտիմալացման և ԵԱՏՄ ներսում ինտեգրված թվային հարթակներ ստեղծելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել՝ կառավարման էլեկտրոնային համակարգերը կատարելագործելու և կիբեռանվտանգության մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։ Նա շեշտեց, որ տնտեսական փոխգործակցության առանցքային տարր է նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։
Ըստ Գրիգորյանի՝ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես երրորդ երկրներ ապրանքների արտահանման, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճի համար։
«Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որն ուղղված է հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ ստեղծելուն։ Այն կապահովի կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում բոլոր շահագրգիռ պետությունների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի լիարժեք հարգման հիման վրա»,– հավելեց Գրիգորյանը։
Փոխվարչապետն առանձնացրեց նաև ԵԱՏՄ-ում բժշկական միջոցների և պարագաների ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման ուղղությամբ տարված աշխատանքը։ «Դրա շնորհիվ արդեն հաջորդ տարվանից կսկսի գործել դեղամիջոցների շրջանառության ընդհանուր շուկան»,– ասաց նա։
ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ բիզնես գործընթացների օպտիմալացման և ԵԱՏՄ ներսում ինտեգրված թվային հարթակներ ստեղծելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել՝ կառավարման էլեկտրոնային համակարգերը կատարելագործելու և կիբերանվտանգության մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։
Օգոստոսի 14–15–ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։