Հայաստանում Իրանի դեսպանը ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i236362-Հայաստանում_Իրանի_դեսպանը_ԿԳՄՍ_նախարարի_հետ_քննարկել_է_երկկողմ_հետաքրքրություն_ներկայացնող_հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին:
(last modified 2025-08-28T08:56:53+00:00 )
Օգոստոս 28, 2025 12:26 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպանը  ԿԳՄՍ նախարարի  հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՀՀ այցին՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված մի շարք փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ պատվիրակության՝ սեպտեմբերի 6-8-ը Իրան նախատեսվող այցին՝ կողմերը կարևորել են երկկողմ հանդիպումները,  ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրումը՝ որպես երկու երկրների դարավոր կապերն ամրապնդելու նոր հնարավորություն:

 Սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրում կայանալու է համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին:

«Բացառիկ համերգը կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև շրջադարձային կլինի Հայաստան-Իրան մշակութային հարաբերություններում»,-ասել է նախարարը:

Հանդիպման շրջանակում դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: «Ես եղել եմ և կմնամ հայ ժողովրդի բարեկամը և ջերմ հուշերով եմ թողնելու Հայաստանը»,-ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի և կրության ոլորտներում սերտ համագործակցության համար: 

Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: