ՀՀ կառավարությունը չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների հարցից. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i236364-ՀՀ_կառավարությունը_չի_կարող_հրաժարվել_էքսկլավ_անկլավների_հարցից._Փաշինյան
Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը, և Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների թեմայից, քանի որ հայկական կողմն ունի Արծվաշեն։
(last modified 2025-08-28T09:01:52+00:00 )
Օգոստոս 28, 2025 12:31 Asia/Tehran
  • ՀՀ կառավարությունը չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների հարցից. Փաշինյան

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը, և Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների թեմայից, քանի որ հայկական կողմն ունի Արծվաշեն։

Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արծվաշենից` որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս, մենք չենք կարող հրաժարվել։ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրն արձանագրում է, որ Խորհրդային Հայաստանն իր ամբողջական ադմինիստրատիվ տարածքով ու սահմաններով դառնում է անկախ Հայաստան, նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին։ Այսինքն, 2022 թ. Պրահայում ձեռք բերած պայմանավորվածության առումով մենք գնում ենք ինստիտուցիոնալացման ուղով»,– հայտարարեց նա։

Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ գնալու են խաղաղության ճանապարհով, այդ նավը հասցնելու են իր հանգրվանին և նավամատույցները դարձնելու են ավելի հուսալի ու կայուն։

Հիշեցնենք` Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից դեռ 2024–ի մարտին հայտարարել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։