Հայաստանի պատմության թանգարանը շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ է նվեր ստացել
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագրով նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանը։
«Սևրուկյան» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ թանգարանին են նվիրաբերվել շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ, որոնք ներառում են Անդրե Սևրուգյանի հայ-իրանական մոտիվներով կատարված ստեղծագործություններից և Էմանուել Սևրուգյանի հազարավոր հին դրամների հավաքածուն: Սա վերջին տարիներին հայաստանյան թանգարաններին նվիրաբերված ամենամեծաքանակ հավաքածուն է։ Ցուցադրության շրջանակում ներկայացված են նվիրաբերված հավաքածուից հին և արժեքավոր մետաղադրամներ՝ հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան եզակի նմուշներ, ինչպես նաև մի շարք կնիքներ։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Սևրուկյան» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը իրենց բացման խոսքում անդրադարձել են երկու կառույցների միջև տևական համագործակցությանը՝ ընդգծելով, որ այն արդեն տվել է տեսանելի արդյունքներ և կարևոր ներդրում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր խոսքում նշել է, որ այս ցուցահանդեսը յուրօրինակ վկայություն է մարդու ողջ կյանքի նվիրումի և հավաքչական աշխատանքի, որի արդյունքում հնարավոր է դարձել այսքան արժեքավոր հավաքածուի ստեղծումը և պահպանումը։ Ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, ազգագրագետ Երանուհի Մարգարյանը, իսկ «Սևրուկյան» հիմնադրամի հոգաբարձու Էրնստ-Լյուդվիգ Դրայսը ներկայացրել է նվիրաբերության նախապատմությունը և նախաձեռնության հաջող ընթացքը։ Նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդել է Իվեթ Թաջարյանի բանախոսությունը՝ նվիրված Սևրուգին-Սևրուգյան ընտանիքի երեք սերունդների ունեցած ներդրմանը հայկական և իրանական մշակույթների, արվեստի զարգացման, մշակութային ժառանգության պահպանման գործում։