Հայաստանի պատմության թանգարանը շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ է նվեր ստացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i236732-Հայաստանի_պատմության_թանգարանը_շուրջ_2000_արժեքավոր_ցուցանմուշներ_է_նվեր_ստացել
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագրով նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանը։
(last modified 2025-09-07T11:49:02+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 15:19 Asia/Tehran
  • Հայաստանի պատմության թանգարանը շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ է նվեր ստացել

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագրով նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանը։

 «Սևրուկյան» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ թանգարանին են նվիրաբերվել շուրջ 2000 արժեքավոր ցուցանմուշներ, որոնք ներառում են Անդրե Սևրուգյանի հայ-իրանական մոտիվներով կատարված ստեղծագործություններից և Էմանուել Սևրուգյանի հազարավոր հին դրամների հավաքածուն:   Սա վերջին տարիներին հայաստանյան թանգարաններին նվիրաբերված ամենամեծաքանակ հավաքածուն է։ Ցուցադրության շրջանակում ներկայացված են նվիրաբերված հավաքածուից հին և արժեքավոր մետաղադրամներ՝ հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան եզակի նմուշներ, ինչպես նաև մի  շարք կնիքներ։    Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Սևրուկյան» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը իրենց բացման խոսքում անդրադարձել են երկու կառույցների միջև տևական համագործակցությանը՝ ընդգծելով, որ այն արդեն տվել է տեսանելի արդյունքներ և կարևոր ներդրում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։  Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր խոսքում նշել է, որ այս ցուցահանդեսը յուրօրինակ վկայություն է մարդու ողջ կյանքի նվիրումի և հավաքչական աշխատանքի, որի արդյունքում հնարավոր է դարձել այսքան արժեքավոր հավաքածուի ստեղծումը և պահպանումը։  Ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, ազգագրագետ Երանուհի Մարգարյանը, իսկ «Սևրուկյան» հիմնադրամի հոգաբարձու Էրնստ-Լյուդվիգ Դրայսը ներկայացրել է նվիրաբերության նախապատմությունը և նախաձեռնության հաջող ընթացքը։  Նվիրատվություն-ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդել է Իվեթ Թաջարյանի բանախոսությունը՝ նվիրված Սևրուգին-Սևրուգյան ընտանիքի երեք սերունդների ունեցած ներդրմանը հայկական և իրանական մշակույթների, արվեստի զարգացման, մշակութային ժառանգության պահպանման գործում։