ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը
Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ ԱԳՆ-ի` զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով»,– ասված է հայտարարությունում։
Տեղեկացվում է, որ նախարար Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։