Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի. Ջաբարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i237850-Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_խնդիրները_հնարավոր_չէ_լուծել_առանց_Ռուսաստանի._Ջաբարով
Մոսկվայում գոհ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ռազմական գործողություններ չկան, սակայն «Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում։
(last modified 2025-10-07T14:24:23+00:00 )
Հոկտեմբեր 07, 2025 17:54 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի. Ջաբարով

Մոսկվայում գոհ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ռազմական գործողություններ չկան, սակայն «Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն այս մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ։

«Չեմ կարծում, որ այդ ծրագիրը հեշտ իրագործելի կլինի։ Բազմաթիվ հարցեր են առաջանում` հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Այստեղ կան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Ուստի դա պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, ձեռնտու լինի բոլոր կողմերին` և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասաց Ջաբարովը ։

Խորհրդարանականը շեշտեց, որ ապագա տրանսպորտային զարկերակը չպետք է լինի ճանապարհ, որը մի երկրին շահույթ կբերի ի վնաս մյուսի։ Պետք է շահերի հավասարակշռություն լինի, որպեսզի բոլոր կողմերը օգուտ ստանան։

Ջաբարովի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասի կայունության ապահովման գործում։ Նա վստահ է, որ առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի մինչև վերջ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները։

«Ռուսաստանն այն երկիրն է, որ շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ ու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններով։ Այդ ճանապարհը պետք է ծառայի պետությունների զարգացմանը, ոչ թե երրորդ երկրների շահերին»,-ընդգծեց նա։

Ջաբարովի խոսքով՝ Թրամփն արեց իր գործը, և տարածաշրջանի իրադարձությունները նրան այլևս չեն հետաքրքրում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր:

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։