Ադրբեջան-Հայաստանի «ինտենսիվ շփումների» կուլիսներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i238694-Ադրբեջան_Հայաստանի_ինտենսիվ_շփումների_կուլիսներում
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է Ադրբեջանի հետ «ինտենսիվ շփումների» շարունակման մասին և ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է երկու երկրների օրակարգի մշտական պահանջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2025 07:24 Asia/Tehran
  • Ադրբեջան-Հայաստանի «ինտենսիվ շփումների» կուլիսներում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է Ադրբեջանի հետ «ինտենսիվ շփումների» շարունակման մասին և ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է երկու երկրների օրակարգի մշտական պահանջ։

Հարկ է նշել, որ Բաքուն շարունակում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պայմանը դիտարկել որպես համաձայնագրի ստորագրման նախապայման։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումները տարվում են մի քանի ճակատով. սահմանազատման գործը կառավարում է ՀՀ փոխվարչապետ Մեհր Գրիգորյանը, ԱԳՆ-ն  պատասխանատու է դիվանագիտական գործերի և պաշտոնական փաստաթղթերի համար, իսկ ԱԽ  քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ միասին, զբաղվում է մարդասիրական և անվտանգության հարցերով։

Խաղաղություն՝ թղթի վրա, անհամաձայնություն՝ տեղում 
Չնայած երկու երկրների պաշտոնյաների կողմից Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո խաղաղության մասին պնդումներին, դեռևս որևէ պաշտոնական խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվել, և սահմանազատման գործընթացը դադարեցվել է: Սահմանազատման կանոնակարգերի պաշտոնական վավերացման բացակայության պայմաններում չորս հայկական գյուղերի վերադարձը Ադրբեջանին այն խնդիրներից է, որոնք էլ ավելի են խորացրել վստահության պակասը: Երկու երկրների միջև մարդասիրական հարցերը նույնպես մնում են չլուծված։
Գոհունակություն հայտնելով վերջին զարգացումների վերաբերյալ՝  Արայիկ Հարությունյանն ասել է. «Հայ-ադրբեջանական հարաբերություններում հաղորդակցության տեմպը բավարար է եղել»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայկական բեռնափոխադրումների շրջափակումը վերացնելու քայլը հարաբերությունները բարելավելու նրա ցանկության դրական նշան է։

Սահմանադրության հարցը՝ տարաձայնությունների կենտրոնում
Թեև Հայաստանը հայտարարել է Սահմանադրությունը փոխելու իր մտադրության մասին, Բաքուն պնդում է, որ ՀՀ գործող Սահմանադրության ներկայիս դրույթները, մասնավորապես՝ «Անկախության հռչակագրին» հղումը, տարածքային պահանջ են պարունակում և սպառնալից բնույթ ունեն: Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պետք է տեղի ունենա Հայաստանի սահմանադրության մեջ հիմնարար փոփոխություններ կատարելուց հետո:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը կարծում են, որ սահմանադրական փոփոխությունները ներքին գործընթաց են և որևէ կապ չունեն արտաքին կամքի հետ։ Ավելի վաղ,  Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ դա գործնականում անհամատեղելի է Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ։

2026 թվականի ընտրություններին պատրաստվելու ընթացքը 
 Չնայած վաղաժամկետ ընտրությունների հնարավորության վերաբերյալ քաղաքական ենթադրություններին, Հայաստանի կառավարությունը պնդում է, որ հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026թ․։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Նախընտրական շտաբը պատրաստ է աշխատել՝ համաձայնեցված և անշտապ պլանավորում իրականացնելու համար»:
Շտաբի ղեկավարը ինքը Հարությունյանն է, իսկ պատգամավոր Վահագեն Ալեքսանյանը՝ քարոզչության գծով տեղակալն է:
Ընդհանուր առմամբ, չնայած Երևանի և Բաքվի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ փոքր քայլեր են ձեռնարկվել, Հայաստանի սահմանադրության շուրջ վեճը շարունակում է մնալ լուրջ խոչընդոտ պաշտոնական խաղաղության գործընթացի համար: Թվում է, թե երկու երկրների կողմից ներքին և տարածաշրջանային առաջնահերթությունների վրա շեշտադրումը խաղաղության գործընթացը պահել է կանխատեսելի կասեցման վիճակում: Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն