Փաշինյանը հույս ունի` Էրդողանը կգա Երևան` Եվրոպական քաղաքական գագաթնաժողովին մասնակցելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը 2026թ.մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Երևանում մեկնարկած «Կառուցելու խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատվել է մշտական ինստիտուցիոնալ հաղորդակցություն:
«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ այցելել եմ Թուրքիա, ընդ որում` առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով եմ եղել, և այդ այցը ես շատ հաջող եմ համարում, որի ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ Երևան` մասնակցելու 2026 թ. մայիսին կայանալիք գագաթնաժողովին։ Ճիշտ չի լինի, եթե մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը, պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ նա այդ հրավերը կընդունվի»,– ընդգծեց Փաշինյանը:
Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ գնալու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։