Հայաստանը երբևէ չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց․ Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i239140-Հայաստանը_երբևէ_չի_հրաժարվի_Ռուսաստանից_ցորեն_ձեռք_բերելուց_Նիկոլ_Փաշինյան
Հայաստանը երբևէ չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2025 13:33 Asia/Tehran
  • Հայաստանը երբևէ չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը երբևէ չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հարցին։

«Պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանը երբևէ չի հրաժարվի, բայց Հայաստանը նաև երբեք չի հրաժարվի տեսնել, թե շուկայում էլ ով է ցորեն վաճառում, կա՞ ցորենի առաջարկ։ Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա, ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ ա առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով հեռանանք։  Չեմ ուզում թաքցնել` այսօր առաջարկներ կան։ Երբ տեսել են՝ մենք Ղազախստանից ցորեն ենք ձեռք բերել, ուրիշ վաճառողներ ասել են՝ կարո՞ղ է հետաքրքրի ձեզ էդ թեման»։  Մենք էլ ասում ենք՝ գինն ասեք։ Գինն ու որակը հետաքրքիր կլինի՝ կլինի, չէ՝ չէ։ Ինչո՞ւմն է պրոբլեմը»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք` ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ուզում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասն ավելի բարձր գնով ձեռք բերելով Կիևից և ավելցուկային արժեքը ստանալով ԵՄ միջոցների հաշվին։   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անհեթեթություն որակեց այս հայտարարությունը։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում։