Բանակն օգտագործվելու է տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար. Պապիկյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i239176-Բանակն_օգտագործվելու_է_տարածքային_ամբողջականությունը_և_ինքնիշխանությունը_պաշտպանելու_համար._Պապիկյան
Հայաստանի Հանրապետության բանակն օգտագործվելու է միայն տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
(last modified 2025-11-13T08:43:49+00:00 )
Նոյեմբեր 13, 2025 12:13 Asia/Tehran
  • Բանակն օգտագործվելու է տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության բանակն օգտագործվելու է միայն տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

 Այս մասին Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց՝ անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան:

«Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցումը նոր գործընկերների հետ: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարդյունաբերությունը:   2022 թվականին մենք ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտավորապես 5.5 մլրդ դրամի պայմանագիր, հետագայում՝ եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվն այսօր դարձել է 171 մլրդ դրամ»,- նշեց նախարար Պապիկյանը:

2018 թվականին Հայաստանի պետական բյուջեի՝ պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 245,173 մլրդ դրամ, 2019-ին՝ 307,983 մլրդ դրամ, 2020-ին՝ 308,862 մլրդ դրամ, 2021-ին՝ 313,123 մլրդ դրամ, 2022-ին՝ 346,779 մլրդ դրամ, 2023-ին՝ 519,523 մլրդ դրամ, 2024-ին՝ 556,193 մլրդ դրամ, 2025-ին՝ 667,052 մլրդ դրամ, 2026 թվականի համար ծախսը նախատեսված է 567,513 մլրդ դրամ։