Մեկնաբանություն- Երևանի ռազմական շրջադարձը դեպի Արևմուտք. Արդյոք Հայաստանը կանցնի՞ Բրյուսելի հրամանատարության ներքո
Շարունակելով Նիկոլ Փաշինյանի կառավարության ակնհայտ շրջադարձը դեպի Արևմուտք, Հայաստանի խորհրդարանը նոր քայլ է կատարել՝ երկրի զինված ուժերը Եվրամիության հրամանատարության ներքո դնելու համար։ Քայլ, որը կարող է հարթել ճանապարհը Հարավային Կովկասում Եվրոպայի անվտանգային և հետախուզական ներկայության համար և մարտահրավեր նետել տարածաշրջանի անվտանգային հավասարակշռությանը։
Վավերացնելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրին վերաբերող օրենքի նախագիծը,Հայաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փասորեն նախնական թույլտվություն է տվել եվրոպական առաքելությունների համատեքստում Հայաստանի ռազմական և քաղաքացիական ուժերի ընդգրկման համար։ Երևանի և Բրյուսելի միջև համաձայնագիրը,որ ստորագրվել է այս տարի ամռանը, ներկայացվելու է խորհրդարանի դռնբաց նիստում՝ վերջնական հաստատման համար, և եթե հաստատվի, Հայաստանին հնարավորություն կտա մասնակցել ԵՄ գործողություններին երրորդ երկրներում։
Չնայած Արևմուտքի հետ նոր համագործակցության քաղաքացիական և մարդասիրական պատկերը ներկայացնելու հայ պաշտոնյաների փորձերին, Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները պաշտոնապես հաստատել են երկրի զինված ուժերի ներկայության հնարավորությունը ԵՄ դրոշի ներքո։ Անդրադառնալով եվրոպական ճգնաժամային կառավարման գործողությունների բազմազան բնույթին՝ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ասել է, որ ուժերի գործուղումը կարող է լինել «զինված կամ անզեն», և որ գործուղման մանրամասները կորոշվեն Բրյուսելից առանձին հրավերներ ստանալուց հետո։
Խորհրդարանում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպականացման կողմնակիցները նույնիսկ հղում են անում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատմությանը և այս գործընթացը ներկայացնում «բնական»։ Հիշեցնելով հայկական ուժերի մասնակցությունը Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդգծել է, որ Երևանը չպետք է վախենա արտասահմանյան առաքելություններում զինված ներկայությունից․ խոսքեր, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանության մի մասը ողջունում է Արևմտյան բլոկի հետ ռազմական համագործակցությունը։
Խորհրդարանական հանձնաժողովի կողմից հաստատված համաձայնագրի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայի հետ համագործակցությունը չի սահմանափակվում զինված ուժերի գործուղմամբ, այլ ունի հետախուզական և կառավարման բնույթ։ Գործողության ամբողջական հրամանատարությունը, ըստ համաձայնագրի, կլինի Եվրամիության ռազմական և քաղաքացիական կառույցների ձեռքում, ընդ որում՝ Հայաստանը միայն մասնաբաժին կունենա ամենօրյա կառավարման մեջ, ինչպես մյուս մասնակից անդամները։ «ԵՄ գաղտնի տեղեկատվության» պաշտպանության վրա շեշտադրումը և անվտանգության տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հատուկ համաձայնագրերի ստորագրումը խորացնում են մտահոգությունները Հայաստանի պաշտպանական կառույցներում եվրոպական անվտանգության ծառայությունների ավելի խորը ներթափանցման վերաբերյալ։
Ավելին, առաքելությունների վայրի և բնույթի ընտրությունը Բրյուսելի մենաշնորհն է. սա նշանակում է, որ Հայաստանը գործնականում կներգրավվի միայն այն դեպքում, երբ առաքելությունները համապատասխանեն եվրոպական շահերին։
Փաշինյանի կառավարությունը այս քայլը բնութագրում է որպես «Եվրամիության հետ գործնական ինտեգրման» մի մաս, սակայն տարածաշրջանային վերլուծաբանները կարծում են, որ ներքին անվտանգային մեխանիզմներից Հայաստանի հեռանալը և արևմտյան կառույցների ուղղությամբ շարժվելը ոչ միայն չի օգնի Կովկասի կայունությանը, այլև երկիրը կվերածի Ռուսաստանի ու Իրանի հետ Արևմուտքի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի, որի հետևանքները տարածաշրջանի փխրուն անվտանգության համար անկանխատեսելի են։
Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն