ՀՀ–ն ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i240812-ՀՀ_ն_ցանկանում_է_Իրանի_հետ_ռազմավարական_գործընկերության_փաստաթուղթ_ստորագրել._Փաշինյան
Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Դեկտեմբեր 25, 2025 17:51 Asia/Tehran
  • ՀՀ–ն ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել. Փաշինյան

Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված չպարզաբանված հարցեր կա՞ն Իրանի հետ։

Փաշինյանը նշեց` Հայաստանի խնդիրն այն է, որ միշտ փոքր նախագծերի հետ է գործ ունեցել, որոնք մի շերտանի են եղել։ Նրա խոսքով` TRIPP –ի նման մեծ նախագծերը միշտ ունենում են չպարզաբանված հարցեր։

«Երբ ունես մի հարց, որը լուծված չէ, այդ հարցը չի լուծվում ու դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ այդ մի հարցը լուծում ես, ի հայտ են գալիս 4 նոր հարցեր, որոնք պետք է լուծել։ Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ են գալիս ևս 4 նոր հարցեր։ TRIPP նախագիծն այնքան մասշտաբային է, որ ամեն փուլում, երբ մի հարց վերջնական պարզաբանում են, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին` Հայաստանի վարչապետը նշեց, որ Իրանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։

«Եվ մենք, այո՛, ցանկություն ունենք նաև Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։