ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
ISNA-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Իրանի նոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հինգշաբթի օրը հայտարարել է. «Ես իմ հավատարմագրերի պատճենը հանձնել եմ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ»։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև առկա երկխոսության ռազմավարական բնույթը, ձևավորված փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև երկուստեք պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը՝ հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում։
Շիրղոլամին ասել է. «Այս հանդիպման ժամանակ մենք բարեկամական և օգտակար քննարկում ունեցանք երկու երկրների ղեկավարների հարաբերությունները համապարփակ ռազմավարական հարաբերությունների վերածելու կամքի և համագործակցությունը հնարավորինս ինստիտուցիոնալացնելու օրակարգային ծրագրերի վերաբերյալ»։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։