Փաշինյանը ևս կողմ է ՀՀ–ՌԴ հարաբերություններին. Զախարովան՝ «ազդեցության գործակալների» մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i240838-Փաշինյանը_ևս_կողմ_է_ՀՀ_ՌԴ_հարաբերություններին._Զախարովան_ազդեցության_գործակալների_մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ տարակուսանք է հայտնել Հայաստանում այսպես կոչված «ռուսական ազդեցության գործակալների» որոնման կապակցությամբ:
(last modified 2025-12-26T08:12:52+00:00 )
Դեկտեմբեր 26, 2025 11:42 Asia/Tehran
  • Փաշինյանը ևս կողմ է ՀՀ–ՌԴ հարաբերություններին. Զախարովան՝ «ազդեցության գործակալների» մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ տարակուսանք է հայտնել Հայաստանում այսպես կոչված «ռուսական ազդեցության գործակալների» որոնման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ Մոսկվայում հետևում են ՀՀ պատկան մարմինների գործողություններին, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած քաղաքական գործչի դիտարկում են որպես «ազդեցության գործակալ»: Զախարովան հանդես է եկել հարցադրմամբ՝ կոնկրետ ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում նման որակավորումներ տալիս։

«Ովքե՞ր են նրանք՝ ովքեր կողմ են երկկողմ հարաբերությունների զարգացմա՞նը։ Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նա մշտապես խոսում է մեր երկրի հանդեպ բարեկամական վերաբերմունքից», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ընդգծել է, որ եթե խոսքը գնում է ընդդիմության վրա ճնշում գործադրելու նպատակով «ռուսական գործոնի» օգտագործման մասին, ապա նման գործելաոճն անթույլատրելի է:

«Դա ընկերական, մարդկային և ժողովրդավարական չէ։ Այդ դեպքում պետք է կոնկրետ ապացույցներ ներկայացվեն», - հայտարարել է նա։

Զախարովայի գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարող է վկայել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ազգայնականության և հակառուսական արշավի դրսևորումների մասին:

«Ազգային հողի վրա թշնամիներ են փնտրում։ Ինչպե՞ս դա կոչել»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ դժվար պատմական ճանապարհ անցած հայ ժողովուրդը լավ գիտի, թե ինչի են հանգեցնում ազգային հիմքով ճնշումները, և չի աջակցում նման երևույթներին։

Նա հույս է հայտնել, որ հայ հասարակությունը թույլ չի տա նման տրամադրությունների տարածումը, իշխանությունները ևս դա չեն խրախուսի:

Զախարովան նշել է հատկապես հավատքի և կրոնի հարցերը քաղաքական նպատակներով օգտագործելու անթույլատրելիությունը` ընդգծելով, որ Մոսկվան հետևողականորեն հավատարիմ է այլ պետությունների ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, և դրանից ելնելով է հայ գործընկերների հետ երկխոսություն վարում: Նրա խոսքով՝ մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ նման մոտեցում չեն ցուցաբերում։ Զախարովան, մասնավորապես, մատնանշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, որով Հայաստանին բացահայտ առաջարկում է Մոլդովայում փորձարկված ընտրությունների կազմակերպման «լավագույն եվրոպական փորձը»:

«Ամբողջ աշխարհն այնտեղ տեսավ քաղաքական ճնշում, ահաբեկում, շանտաժ, սպառնալիքներ, ինչպես նաև վարկերի, դրամաշնորհների և տրանշների տեսքով լայնածավալ ֆինանսավորում։ Դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական ժողովրդավարության հետ», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Հայաստանի իշխող կուսակցության հետ փոխկապակցված «Civic.am» ռեսուրսը հրապարակել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված հայերեն լեզվով ինչ-որ փաստաթուղթ, որը ներկայացվել էր որպես Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ 1986-1988թթ. ընթացքում ենթադրյալ համագործակցության մասին տեղեկանք:

Նշվում է, որ ԱԱԾ-ի տվյալներով` արքեպիսկոպոսը ներկայում «կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության և շահերի համար»: