Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Փաշինյանը` առևտրի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i241334-Հայաստանն_ու_Ադրբեջանը_պոտենցիալ_ապրանքների_ցանկեր_են_փոխանակում._Փաշինյանը_առևտրի_մասին
Վարչապետի խոսքով՝ եղել են ընկերություններ, որոնք հրաժարվել են վաճառել Ադրբեջանից ներկրված բենզինը։
(last modified 2026-01-08T09:24:09+00:00 )
Հունվար 08, 2026 12:54 Asia/Tehran
  • Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Փաշինյանը` առևտրի մասին

Վարչապետի խոսքով՝ եղել են ընկերություններ, որոնք հրաժարվել են վաճառել Ադրբեջանից ներկրված բենզինը։

Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ վաճառելու և գնելու հարցում են հետաքրքրված։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկումներ կան, ցանկերը դեռևս ուսումնասիրության պրոցեսում են»,–նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով արդեն ձեռք բերված պայմանավորվածծություններին` Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է Ադրբեջանի պատրաստակամությունը` վաճառելու նավթամթերք, որից հետո ՀՀ կառավարությունը տեղեկացրել է հայկական մի քանի ընկերությունների այդ հնարավորության մասին։

«ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, առաջարկել է այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ «կառավարությունը մեզ ստիպում է, որ Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չեն գնում և այլն», ասել ենք, որ կա նման հնարավորություն, և, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից 2 ընկերություն կապ են հաստատել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բենզինի առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ընկերություններ, որոնք հրաժարվեցին վաճառել այն։

Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները 2025–ի դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։

Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ 2026–ի հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: