Երևանում քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացման ուղղությունները
Երևանում կայացել են ԻԻՀ և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։
Քննարկումներին մասնակցել են ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն։
Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան–Իրան երկկողմ համագործակցության լայն շրջանակին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին։
Մաջիդ Թախթ Ռավանչին և Վահան Կոստանյանն ընդգծել են, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունն ունի աճող դինամիկա, որը արտահայտվում է տարբեր մակարդակներում իրականացվող փոխադարձ այցերով։ Կողմերը վերահաստատել են Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև առկա վճռականությունը՝ հարաբերությունները զարգացնելու ռազմավարական գործընկերության մակարդակով։
Քննարկվել են համագործակցության հեռանկարներ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկա, ենթակառուցվածքներ, առողջապահություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլ բնագավառներ։ Անդրադարձ է կատարվել նաև առկա ծրագրերի ընթացքին և զարգացման հնարավորություններին։
Վահան Կոստանյանը հատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային կապակցվածության խթանմանը միտված նախաձեռնություններին՝ շեշտադրելով «TRIPP»-ի նախագծի իրագործումից բխող հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ինչպես տնտեսական ինտեգրմանը, այնպես էլ տարածաշրջանի կայունությանը։