Հայաստանը Խաղաղության խորհրդին միանալու համար անդամավճար չի վճարի
https://parstoday.ir/hy/news/armenia-i241858-Հայաստանը_Խաղաղության_խորհրդին_միանալու_համար_անդամավճար_չի_վճարի
Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։
(last modified 2026-01-22T14:11:55+00:00 )
Հունվար 22, 2026 17:41 Asia/Tehran
  • Հայաստանը Խաղաղության խորհրդին միանալու համար անդամավճար չի վճարի

Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։

Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար անդամավճար վճարել։  

 «Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։   ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։  ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։  Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասաց Բադալյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միանալու հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։