Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը. փորձագետը` ռիսկերի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i241972-Ինչի_կհանգեցնի_ՀՀ_ի_և_Ադրբեջանի_էներգետիկ_համակարգերի_միացումը._փորձագետը_ռիսկերի_մասին
Ադրբեջանի էներգետիկ համակարգին միանալը լրջագույն ռիսկեր է պարունակում, սակայն ճիշտ որոշումների և աշխատանքի արդյունքում այդ ռիսկերը կարելի է կառավարել։
(last modified 2026-01-25T13:22:37+00:00 )
Հունվար 25, 2026 16:52 Asia/Tehran
  •  Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը. փորձագետը` ռիսկերի մասին

Ադրբեջանի էներգետիկ համակարգին միանալը լրջագույն ռիսկեր է պարունակում, սակայն ճիշտ որոշումների և աշխատանքի արդյունքում այդ ռիսկերը կարելի է կառավարել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու-դոցենտ Արթուր Ավետիսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման շրջանակում նախատեսվում է իրար միացնել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը, ինչի արդյունքում Երևանն ու Բաքուն փոխադարձաբար նույն պայմաններով կկարողանան օգտվել և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավորություններից։ Այս հայտարարությունը մտահոգություն է առաջացրել քաղաքական և մասնագիտական շրջանակներում։ Ընդդիմության ներկայացուցիչները տարակուսում են, որ այդպիսով Հայաստանը կարող է էներգետիկ կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից։

«Որպեսզի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը չվտանգվի, պետք է իրականացվի ինչպես Հյուսիս-հարավ, այնպես էլ Արևելք-արևմուտք ծրագիրը զուգահեռաբար։ Որևէ մեկին նախընտրություն տալով` Հայաստանը կարող է լուրջ ռիսկի տակ հայտնվել՝ հաշվի առնելով առկա իրողությունները»,– ասաց Արթուր Ավետիսյանը` հիշեցնելով, որ դեռևս Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ծրագրով էր նախատեսված Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, իսկ վերջին տարիներին` նաև Իրան-Հայաստան-Վրաստան-եվրոպական երկրներ էլեկտրահաղորդման գծերի միացում։

Այս մոտեցումը, ըստ նրա, անհրաժեշտ է պահպանել նաև «Թրամփի ուղի» նախագծի պարագայում։

Երկրորդ ռիսկը, փորձագետի գնահատմամբ, կապված է Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելցուկային արտադրության հետ։ Հայաստանը պետք է ձգտի պահմանել իր դիրքը` որպես արտադրող և արտահանող երկիր։

«Որևէ ողջամիտ մարդ չի կարող դեմ լինել, որ Հայաստանը էլեկտրաէներգիա արտադրի և արտահանի հարևան երկրներ։ Կարևորը, որ այնպես հաշվարկվեն և՛ ենթակառուցվածքները, և՛ ծրագրերը, և՛ ներդրումները, որպեսզի Հայաստանը արտահանող երկրից չվերածվի ներկրողի, իսկ, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, կախյալ պետության»,– ընդգծեց Ավետիսյանը։

Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է, որ Հայաստանը շարունակի ենթակառուցվածքների կառուցմանը զուգահեռ, իրականացնել նաև էներգետիկ հզորությունների արդիականացման և նոր հզորությունների կառուցման ծրագրեր։

«Դրա համար երբ որ բանակցություններ են ընթանում էներգետիկ համակարգերի սինխրոնիզացման շուրջ խոշոր ներդրողների, հզոր պետությունների հետ համագործակցության տրամաբանության մեջ, պետք է բանակցություններն իրականացվեն համալիր, այսինքն՝ ոչ թե միայն այս կամ այն ենթակառուցվածքի, այլ ընդհանուր էներգետիկ համակարգի համատեքստում, այսինքն՝ ատոմակայան, արևային կայաններ, ՋԷԿ–եր, ամբողջը միասին։ Միայն այսպիսի համապարփակ աշխատանքը կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը»,– նշեց մասնագետը։

Տարածաշրջանում իր էներգետիկ անկախությունը և արտահանող երկրի կարգավիճակը պահպանելու համար, Ավետիսյանի համոզմամբ, Հայաստանն առնվազն 600 ՄՎտ հզորությամբ ատոմակայան պետք ունենա։ Իսկ դրա համար ՀՀ կառավարությունն օր առաջ պետք է այս հարցի վերաբերյալ ռազմավարական և քաղաքական որոշում կայացնի։

«Եթե խոսքը հզոր, ավանդական կայանի մասին է, իմ սուբյեկտիվ կարծիքով, մենք ուշանում ենք։ Ավելի խիստ դիտարկումներ էլ կան մասնագիտական շրջանակում, որ մենք արդեն ուշացել ենք, բայց ես, եթե չեմ սխալվում, պաշտոնատար անձանց կողմից արդեն հայտարարվում է, որ Հայաստանը այս պահին միտված է մոդուլային ատոմակայանի կառուցման տրամաբանությանը, որը ես ինչպես չեմ ողջունել, հիմա էլ չեմ ողջունում։   Բայց այդ դեպքում թվացյալ ժամանակը բավականին շատ է, որովհետև նախագծային տրամաբանությամբ դրա կառուցման տևողությունը 5 տարի է, բայց քանի որ ռեալ փորձ չկա, մենք չենք կարող հստակ ասել` այսքան կամ այնքան կտևի։   Իսկ էներգետիկ ոլորտում (հատկապես ատոմային էներգետիկայում) անհնար է, որ նշանակված ժամկետից ուշացումներ չլինեն, այնպես որ շատ տեսական է հիմա քննարկումը, գործնական քննարկում չեմ տեսնում»,– ասաց մեր զրուցակիցը։

Ավետիսյանի խոսքով` Հայաստանն այս պահին կանգնած է երկու ճանապարհների խաչմերուկում, որտեղ մի ճանապարհը տանում է դեպի կախյալություն, մյուսը` է՛լ ավելի մեծ անկախություն և տնտեսության թռիչքային աճ։ Ճիշտ ուղին ընտրելու համար գրագետ, ռազմավարական որոշումներ են պետք։