Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i242752-Օվերչուկը_հայտնել_է_Հայաստանի_հետ_երկաթուղու_շուրջ_բանակցությունների_մեկնարկի_մասին
Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանրապետությունում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
(last modified 2026-02-12T14:26:53+00:00 )
Փետրվար 12, 2026 17:56 Asia/Tehran
  • Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանրապետությունում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ կողմերը կգնահատեն երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ հետագայում այդ հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար:

«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական ու եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն Երասխի շրջանում Ադրբեջանի, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին միացումը», - հայտարարել է նա:

Վերականգնման ենթակա հատվածների երկարությունը կազմում է համապատասխանաբար 1,6 կմ և 12,4 կմ:

Օվերչուկի խոսքով, երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Նախիջևանի, Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությամբ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ հաղորդակցությամբ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ:

«Այդ մեծ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը», - հավելել է Օվերչուկը:

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների։

Նշված երթուղով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանի գործընկերներին:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարով հանձնվել է   ( Հարավկովկասյան երկաթուղի ) ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: