Հայաստանի ատոմակայանի ռեզերվային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումն ավարտին հասցնելու համար նոր տարածք է տրամադրվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ ռեզերվային ճգնաժամային կենտրոնը սկզբում նախատեսված էր տեղակայել Երևանի Մալաթիա–Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` փոխվեց վայրը և նպատակահարմար եղավ այն կառուցել նկուղային հարկում։
«Դա պայմանավորված էր նկուղային հարկերի առավել պաշտպանված լինելու հատկությամբ՝ թե՛ հնարավոր ռադիացիոն վթարների, և թե՛ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ իրականացնել պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական պահանջներում, որը բավականին ժամանակատար է։ Դրա հետևանքով սահմանված ժամկետները չեն պահպանվել և անհրաժեշտություն է առաջացել ֆինանսական նոր միջոցների ներգրավմամբ ավարտել կենտրոնի կառուցումը:
Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։
«Այս արժեքով հողամասը կներդրվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում՝ ավելացնելով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը»,– ասված է որոշման մեջ։
Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար 2024 թ. ապրիլի 13–ին պայմանագիր է կնքվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ։