Նախադրյալներ չկան, որ ռուսական ռազմաբազան չլինի Հայաստանում. Շոյգու
Ռուսական ռազմաբազան ապահովում է Հայաստանի անվտանգությունը, և չկա որևէ նախադրյալ, որ այդ ռազմաբազան այնտեղ չլինի։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այս մասին ասել է լրագրողներին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը ՌԴ 102-րդ ռազմաբազան երկրի տարածքից դուրս բերելու ծրագիր չունի:
«Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային, այն գործում է, և Ռուսաստանը առայժմ որևէ պատճառ չի տեսնում, որ բազան այնտեղ չլինի», - ասել է Շոյգուն։
Հիշեցնենք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև 1995 թվականի միջպետական համաձայնագրի։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը բազայի տեղակայման մասին համաձայնագիրը երկարաձգեցին մինչև 2044 թվականը։ 102-րդ ռուսական ռազմաբազայի օդային բաղադրիչը Երևանի «Էրեբունի» ավիաբազան է։ Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակում։