Մեր նախընտրական ծրագրի գլխավոր կետը դեպի Իրան երկաթգծի կառուցումն է․ Զուրաբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i246160-Մեր_նախընտրական_ծրագրի_գլխավոր_կետը_դեպի_Իրան_երկաթգծի_կառուցումն_է_Զուրաբյան
Մեր նախընտրական ծրագրի հիմնական կետը դեպի Իրան երկաթգծի կառուցումն է, որը պետք է անցնի Գագարինից Սյունիքով՝ Մեղրիով ու Ագարակով։
(last modified 2026-06-02T16:21:02+00:00 )
Հունիս 02, 2026 19:22 Asia/Tehran
  • Մեր նախընտրական ծրագրի գլխավոր կետը դեպի Իրան երկաթգծի կառուցումն է․ Զուրաբյան

Մեր նախընտրական ծրագրի հիմնական կետը դեպի Իրան երկաթգծի կառուցումն է, որը պետք է անցնի Գագարինից Սյունիքով՝ Մեղրիով ու Ագարակով։

Ագարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա ընդգծել է, որ այս խոշորածավալ նախագիծը միանգամայն իրատեսական է կյանքի կոչել 5-7 տարվա ընթացքում։ Ըստ նրա՝ նոր երկաթգիծը Երևանը Սյունիքի մարզով կկապի Իրանի հետ, որտեղ այն այնուհետև կմիանա Թավրիզի կամ Ջուլֆայի ուղղությամբ գնացող գծերին։ Զուրաբյանը վստահություն է հայտնել, որ այս նախաձեռնության իրագործման դեպքում Ագարակը կվերածվի լրջագույն լոգիստիկ կենտրոնի և կդառնա այս տարանցիկ ճանապարհի հիմնական դարպասը։

«Մենք այս նախագիծն անվանել ենք «Խաղաղության երկաթուղի», քանի որ այն կդառնա մեր անվտանգության հուսալի երաշխավորը, և Ադրբեջանն այլևս չի կարողանա ճնշում գործադրել մեզ վրա»,- տեղի բնակիչների հետ զրույցում հայտարարել է Լևոն Զուրաբյանը։ Նա նշել է, որ այս ենթակառուցվածքը հզոր գործիք կլինի տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար. քաղաքացիները հնարավորություն կունենան գնացքով հարմարավետ հասնել Երևան և արդյունավետ կերպով փոխադրել ապրանքները։

Քննարկման ընթացքում տարեց ընտրողներից մեկը կասկած է հայտնել, թե ներկա սերունդը կհասցնի տեսնել նման խոշորածավալ շինարարության ավարտը, ինչին ի պատասխան Զուրաբյանը հակադարձել է՝ ընդգծելով, որ պետության գրագետ կառավարման դեպքում նշված ծրագրերն իրագործելի են կարճ ժամկետներում։ Տնտեսական ծրագրերի ներկայացումից բացի, Լևոն Զուրաբյանն անդրադարձել է նաև ներկայիս ճգնաժամի նախապատմությանը՝ խստորեն քննադատելով վերջին ողբերգության նախաշեմին իշխանությունների քայլերը։

«Փաշինյանը 2019 թվականին նպատակաուղղված մեզ տանում էր դեպի պատերազմ. նրա սեղանին դրված էր հստակ պլան, ըստ որի՝ պետք էր հանձնել հինգ շրջանները՝ պահպանելով Ղարաբաղը՝ Լաչինով ու Քարվաճառով հանդերձ, բայց նա մերժեց, գնաց Ստեփանակերտ ու հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։ ՀԱԿ փոխնախագահը կոչ է արել ընտրողներին ուշադիր ծանոթանալ իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրին և քվեարկության ժամանակ աջակցել իրենց՝ հանուն ինքնիշխան տնտեսության վերականգնման և երկրի հարավային սահմաններում իրական խաղաղության ապահովման։