619 ահազանգ, 18 ձերբակալված. ընտրություններից հետո ՀՀ ՆԳՆ–ն տվյալներ է հրապարակել
Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ եղել են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։
«Արձանագրվել է կրկնաքվեարկության 52, քվեարկության գաղտնիության խախտման 27, ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու 9, ընտրակաշառք տալու 4, ընտրական գործընթացը խոչընդոտելու 2, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 տեղեկությունները ստուգման փուլում են։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություն անցկացվեց, որին մասնակցում էր 16 կուսակցություն և 2 դաշինք։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,81%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը` 23,29%–ը, «Հայաստան» դաշինքը` 9,94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 4%–ը։