«Հարևանները մեր առաջնահերթությունն են». Արաղչին շնորհավորել է Հայաստանի վարչապետին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը մի ուղերձով Հայաստանի վարչապետին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։
Երկուշաբթի երեկոյան IRNA-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Մեր ամենաանկեղծ շնորհավորանքն ենք հղում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ»։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են»։
Արաղչիի հայերեն գրառման մեջ նշված է. «Շնորհավորում եմ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը և վարչապետ պարոն Փաշինյանի և նրա գլխավորած կուսակցության հաղթանակը։ Ուրախ ենք, որստեղծվել են լավ հնարավորություններ՝ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»։
Կիրակի՝ հունիսի 7-ին, կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մոտ 2.5 միլիոն ընտրողների ընդհանուր թվից շուրջ 1 միլիոն 470 հազար մարդ քվեարկել է երկրի 2005 ընտրատեղամասերում, ինչը ցույց է տալիս մոտ 59 տոկոս մասնակցություն։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացել է ստանալ ձայների 49.82 տոկոսը։ Իսկ այդ կուսակցության ամենամոտ մրցակիցը՝ Սամվել Կարապետյանի գլխավորած «Հզոր Հայաստան» կուսակցությունը, ստացել է ձայների 23.28 տոկոսը։