Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը»,– մասնավորապես նշված է ուղերձում։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։
«Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»,– ընդգծել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։