ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i246532-ԿԸՀ_ն_կոչ_է_անում_սպասել_քվեարկության_արդյունքների_վերջնական_ամփոփմանը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը՝ ընդգծելով, որ ներկա պահին ԿԸՀ-ի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։
(last modified 2026-06-12T10:38:15+00:00 )
Հունիս 12, 2026 14:00 Asia/Tehran
  • ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը՝ ընդգծելով, որ ներկա պահին ԿԸՀ-ի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։

Այս մասին նշված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ՝ ուղղված ԶԼՄ-ներին, դիտորդներին, ընտրությունների մասնակից կուսակցություններին և դաշինքներին։

Հայտարարության մեջ նշված է, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 95-ի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում հունիսի 14-ին կամփոփվեն ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և կընդունվի հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին:

Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

«Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։  Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար (ինչպես նաև այն սուբյեկտների, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։  Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա», – ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի Կառավարություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։ Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։

ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմումներ ստացել է երեք քաղաքական ուժից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևեր» կուսակցությունից։

 Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2026թ․ հունիսի 11-ի՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխանաբար N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին։Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։