Հայաստանյան արտադրանքը բարձրորակ է, բայց ավելի խիստ վերահսկողություն է պետք. Օնիշչենկո
https://parstoday.ir/hy/news/armenia-i247010-Հայաստանյան_արտադրանքը_բարձրորակ_է_բայց_ավելի_խիստ_վերահսկողություն_է_պետք._Օնիշչենկո
Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը գյուղմթերքների նկատմամբ ինչպես ֆերմերային տնտեսությունների մակարդակով, այնպես էլ արտահանող ընկերությունների շրջանում։
(last modified 2026-06-24T15:56:13+00:00 )
Հունիս 24, 2026 18:43 Asia/Tehran
  • Հայաստանյան արտադրանքը բարձրորակ է, բայց ավելի խիստ վերահսկողություն է պետք. Օնիշչենկո

Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը գյուղմթերքների նկատմամբ ինչպես ֆերմերային տնտեսությունների մակարդակով, այնպես էլ արտահանող ընկերությունների շրջանում։

Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները։

Ընդ որում, Օնիշչենկոն ընդգծել է, որ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքն ավանդաբար աչքի է ընկնում բարձր որակով, ինչին, նրա խոսքով, նպաստում է նաև միկրոտարրերով հարուստ հրաբխային հողը:

Որպես օրինակ նա բերել է հայկական պղպեղը։

«Ես միշտ ճշտում եմ՝ եթե հայկական է, գնում եմ։ Տարբեր տարածաշրջաններում աճեցված նույն սորտերն արտաքինից նույն տեսքն ունեն, բայց որակով էապես տարբերվում են», - նշել է մասնագետը։

Դրա հետ մեկտեղ, Օնիշչենկոյի խոսքով, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը ավելի վաղ մատնանշել էր Հայաստանում համակարգային պետական վերահսկողության բացակայությունը ինչպես մասնավոր ֆերմերային տնտեսություններում, այնպես էլ մեծածախ ընկերություններում, որոնք բերք են գնում Ռուսաստան հետագա արտահանման համար:

«Սա Դանկվերտի հիմնական փաստարկն էր։ Ես փաստական նյութեր չունեմ, որովհետև դրանք, բնականաբար, չեն հրապարակվում։ Բայց պետք է համաձայնեմ, որ համակարգված վերահսկողության բացակայությունն իսկապես կարող է հարցեր առաջացնել», — ասել է նա։

Օնիշչենկոն հավելել է, որ խնդիրը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության հարթակում, որտեղ գործում է տեխնիկական կարգավորման կոլեգիա:

Նրա կարծիքով՝ պատկան կառույցներն անհրաժեշտ մեխանիզմներ ունեն իրավիճակի կարգավորման համար։

«Սա բարդ մասնագիտական հարց է, որը հնարավոր չէ բացատրել երկու բառով։ Բայց մասնագետները գիտեն, թե ինչ անել:  Հայաստանում սանիտարական ծառայությունը միշտ էլ լավ կազմակերպված է եղել։ Ես հիշում եմ բոլոր հիմնական սանիտարական բժիշկներին խորհրդային ժամանակներից: Այժմ այդ գերատեսչությունը, հնարավոր է, այլ կերպ է կոչվում, բայց անհրաժեշտ կարողությունները պահպանվել են», - հայտարարել է Օնիշչենկոն։

Նշենք, որ մայիս ամսից «Ռոսսելխոզնադզորը» փուլային սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ապրանքների մատակարարման վրա։