ՀՀ կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը․ վարչապետի ելույթը ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
ՀՀ վարչապետը Բիշքեկում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը։
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է․
Այսօրվա մեր քննարկման թեման է․ ««ՄԱԿ—ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ ՇՀԿ+ պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»։
Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։
Հայաստանի նման փոքր պետությունն ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբեւեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։
Այդ քաղաքականության իմաստը հետևյալն է․ երբ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության եւ անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։
Նման քաղաքականության հիմնական նպատակն ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։
Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ։
Հիմա մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։
Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արեւելքից արեւմուտք՝ այսինքն Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլեւ հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին։ Այնպես որ, նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։
Վերադառնալով բազմաբեւեռ քաղաքականությանը՝ նշեմ, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական միության հետ։
Հնդկաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձեւակերպման վրա։
Հանդիպել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկել մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։
Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբեւեռության տեսլականը։
Ընդգծելով Միացյալ ազգերի կազմակերպության առանցքային դերը բազմաբեւեռ աշխարհի կառուցման գործում՝ ուզում եմ տեղեկացնել, որ ս/թ հոկտեմբերին՝ ՄԱԿ–ի հովանու ներքո, Հայաստանում տեղի է ունենալու Կենսաբազմազանության COP 17 համաժողովը, եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբեւեռությունն ընդգծող այդ կարեւոր միջոցառմանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնող Պակիստանին հաջողություններ եմ մաղթում այդ պատասխանատու առաքելության մեջ»։