Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան անցակետը․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Իրանում արդիականացնում են դեպի Հայաստան տանող «Նորդուզ» անցակետը, ինչը շատ կարևոր է բեռնափոխադրումների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցել է Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը։
Նշվում է, որ հայկական պատվիրակությունում եղել է նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, իսկ իրանական կողմից ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
«Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները»,- ասված է հաղորդագրությունում:
Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները: