Հաֆեզ Շիրազիի հիշատակի օրը Երևանի Կապույտ մզկիթում
Խաջե Շամս էդ-Դին Մուհամմադ Հաֆեզ Շիրազիի հիշատակի արարողությունը, որի նպատակն էր հայ հասարակայնությանը ներկայացնել նրա պոեզիայի մարդասիրական ու մշակութային գաղափարներն ու հայեցակարգերը, տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ի երեկոյան Երևանի Կապույտ մզկիթում:
Արարողության ընթացքում հայ թարգմանիչ և հաֆեզագետ Ժորժ Աբրահամյանը, անդրադառնալով Հաֆեզի մտքերի համամարդկային ներուժին, ընթերցեց բանաստեղծի մի քանի ղազալներ իր սեփական թարգմանությամբ: Այնուհետև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի-Մովահեդն անդրադարձավ բանաստեղծի տեղին ու դերին, ինչպես նաև ժամանակակից մարդուն ուղղված նրա պոեզիայի ուղերձներին:
Արարողության մյուս հատվածներից էին իրանական ավանդական երաժշտության կատարումը դաֆ և տոնբակ նվագարաններով՝ համադրված հայկական դուդուկի հնչյունների հետ, ինչպես նաև իրանագիտության ֆակուլտետի հայ ուսանողներից մեկի կողմից Հաֆեզի ղազալներից ընթերցումը պարսկերեն և հայերեն լեզուներով:
Միջոցառմանը զուգահեռ Երևանի Կապույտ մզկիթում գործում էր նաև «Իրանի տեսարժան վայրերը» թեմայով լուսանկարչական ցուցահանդես, որը բաց է հետաքրքրասերների համար հոկտեմբերի 10-ից՝ 15 օր տևողությամբ: