Հայաստանի միջազգային վարկանիշի անկումը և հակահայկական զեկույցները ԵԽԽՎ-ում
Հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում լսումների են դրվելու հակահայկական 2 զեկույցներ: Հայկական պատվիրակության անդամներն այս օրերին արդեն պատրաստվում են ձմեռային նստաշրջանին, հանդես են գալիս հարցազրույցներով, ասուլիսներով:
Սակայն կոնկրետ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել հայաստանյան պատվիրակությունը, կբոյկոտի ԵԽԽՎ նիստերը, հանդես կգա հայտարարությամբ, թե հակահայկական զեկույցներն օրակարգից հանելու այլ տարբերակներ են մշակվել, այս մասին դեռևս կոնկրետ տեղեկություններ չկան:
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, այսօր՝ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: Վերջինս այսօր ասուլիսում վստահեցրել է, որ և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, և ՀՀ Ազգային ժողովը, արտաքին քաղաքականությամբ զբաղվող շատ պաշտոնյաներ հնարավոր ջանքերը գործադրել են, որպեսզի մենք գրանցենք հաջողություն: Բայց ամեն ինչ մեզանից կախված չէ՝ հայկական կողմից ու պատվիրակներից: Հարցին, թե ինչ է պատրաստվում անել պատվիրակությունը ԵԽԽՎ-ում և ինչ ակնկալիքներ ունի սպասվող նստաշրջանից, Բաբայանն ասել է՝ փակագծեր չի ցանկանում բացել:
Մամուլն այս օրերին ինտենսիվորեն գրեց նաև ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հնարավոր հրաժարականի մասին: Ըստ տեղեկությունների՝ նրան կփոխարինի ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Ինքը՝ Հերմինե Նաղդալյանը, այս մասին տեղեկությունները չի հերքում, ավելին, հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե պահանջեն իր հրաժարականը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնից, պատրաստ է հրաժարական ներկայացնել:
galatv.am
20/1/2016