Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվեց Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i39121-Միջուկային_հետազոտությունների_միացյալ_ինստիտուտի_60_ամյակին_նվիրված_միջոցառումն_անցկացվեց_Հայաստանում
«Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ճանաչված գիտնականներ: Միջոցառումը նվիրված է ինստիտուտի 60-ամյակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2016 11:37 Asia/Tehran
  • Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվեց Հայաստանում

«Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ճանաչված գիտնականներ: Միջոցառումը նվիրված է ինստիտուտի 60-ամյակին։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ բացման խոսքով հանդես եկավ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սամվել Հարությունյանն իր խոսքում ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը, թե ինչ խնդիրներով է զբաղվում այն՝ ասելով հետևյալը. «1956 թվականին՝ 60 տարի առաջ հիմնվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ), որը տեղակայվեց Մոսկվայի մերձակայքում գտնվող Դուբնա քաղաքում։ Այն ժամանակ Հայաստանը, որպես ԽՍՀՄ-ի մաս կազմող հանրապետություն, մտավ այդ կառույցի մեջ։ Անկախացումից հետո՝ 1992 թվականին, Հայաստանը դարձավ այդ ինստիտուտի լիարժեք անդամ։ Միջուկային ֆիզիկայի գլոբալ խնդիրներով է զբաղվում այս ինստիտուտը։ Շատ մեծ դերակատարում ունի անդամ-պետությունների տվյալ ոլորտում կատարվող ուսումնասիրությունների մեջ։ Հայաստանը միշտ եղել է ակտիվ մասնակից։ Հիմա մենք շարունակում ենք մեր համագործակցությունը, մենք 12 ֆիզիկոս գործուղել ենք այնտեղ»։ 

Հարությունյանը նշեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում ինստիտուտի հետ համատեղ, որոնցից առանձնացրեց ծանր էլեմենտների ուսումնասիրությունը և նոր էլեմենտների ստացումը։ Նա հավելեց, որ վերջերս մեր հայրենակից Յուրի Հովհաննիսյանը ծանր էլեմենտների (106-118-րդ) ստացման ասպարեզում վճռորոշ դերակատարում է ունեցել. «Դրանցից մեկ՝ 118-րդ էլեմենտը, կոչվելու է մեր հայրենակցի անունով։ Հաստատումը կլինի նոյեմբերի սկզբին։ Դրանից հետո Մենդելեևի աղյուսակում մենք կունենանք էլեմենտ, որը հայազգի Յուրի Հովհաննիսյանի անունով կկոչվի»։ 

ՀՀ ԿԳ նախարարը շատ կարևորեց Հայաստանի համագործակցությունը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ և ավելացրեց, որ այն ֆիզիկայի համար հսկայական նշանակություն է ունեցել։

«Համագործակցությունը կոչված էր համախմբել ջանքերը, հատկապես, միջուկային հետազոտությունների ուղղությամբ։ Անկախության առաջին տարիներին մեզ համար Դուբնայի ինստիտուտը այն հզոր կենտրոններից մեկն էր, որտեղ մենք հնարավորություն ունեինք շարունակել գիտական ծրագրերը։ Մեր հայրենակիցների շնորհիվ բավականին լուրջ ծրագրեր են իրականացվել և այժմ էլ իրականացվում են։ Այս իմաստով սա եզակի հաջողած ծրագրերից մեկն է, և մենք իսկապես շնորհակալ ենք գիտական հանրույթին և հավասար համագործակցության համար»,- ասաց Լևոն Մկրտչյանը։ 

Ֆիզիկոս Յուրի Հովհանիսյանը նշեց, որ մոտ 20 տարի է պահանջվել իրենից, որպեսզի հայտնագործի 118-րդ տարրը։ «Էլեմենտ հայտնաբերելը բավականին մեծ ու դժվար գործ է։ Իհարկե, ամենադժվարը առաջին տարիներն էին, բայց երբ տեսնում ես, որ ստացվում է, արդեն սկսում ես ավելի լավ ուսումնասիրել, և մնացած 15 տարիները շատ հեշտ են անցնում»,- ասաց ֆիզիկոսը։ 

Համաշխարհային  գիտական  հասարակության մեջ  ՄՀՄԻ-ի վարկանիշը  շատ բարձր է։ Անդամ-պետությունները 18-ն են, և ասոցացված անդամներ են Հունգարիան, Գերմանիան, Իտալիան, Սերբիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնց հետ ինստիտուտը համաձայնագրեր է կնքել:

Armenpress.am