Իտալիան դրական դիրքորոշում ունի ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման հարցում
Իտալիան պնդում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին` ընդգծելով, որ իրենց ուշադրության կենտրոնում են լինելու սառեցված հակամարտությունները;
«Մենք չենք ցանկանում, որ պատերազմական գործողություներ լինեն տարածաշրջանում»,-նշեց Իտալիայի արտգործնախարարը:
Անդրադառնալով իր այցին` նա նշեց, որ հատկապես ուրախ է Հայաստանում գտնվելու կապակցությամբ, քանի որ իր պաշտոնը զբաղեցնելու 4 տարիներին նա առաջին անգամ է այստեղ գտնվում:
«Ինձ համար հաճելի է, որ սկսեցինք մեր հանդիպումը` ստորագրելով համաձայնագիրը այստեղ մշակութային ժառանգության պահպանման կենտրոն հիմնելու վերաբերյալ: Սա կարեւոր արժեք է մեր քաղաքակրթությունների համար՝ պայքարելու ահաբեկչության դեմ եւ պահպանելու մշակութային բազմազանությունը: Սա մի արժեք է, որը, կարծում եմ, պահում են եւ Իտալիան, եւ Հայաստանը: Նաեւ այն փաստը, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը, կարեւոր է նոր տնտեսական հարաբերությունների ստեղծման համատեքստում, եւ սա շատ դրական է»,-ասաց նա:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել ԵՄ անդամ պետությունների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը, Իտալիայի արտգործնախարարը պատասխանեց.
«Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը եւ Եվրամիությունը հանձն են առել մի քանի ցիկլով կատարել խորհրդաժողովներ, եւ Ֆեդերիկա Մոգերինին այս ուղղությամբ աշխատում է: Չեմ կարող ասել, թե ԵՄ-ն ինչ դիրքորոշում ունի, կարող եմ ասել Իտալիայի վերաբերյալ: Այս հարցում Իտալիայի դիրքորոշումն ընդհանուր առմամբ դրական է, որպեսզի ազատականացվեն Հայաստանի հետ վիզայի խնդիրները»,-եզրափակեց Պաոլո Ջենտիլոնին:
Armenpress.am