ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Բալիի ժողովրդավարական 9-րդ ֆորումին
https://parstoday.ir/hy/news/armenia-i46060-ՀՀ_ԱԳ_փոխնախարարը_մասնակցել_է_Բալիի_ժողովրդավարական_9_րդ_ֆորումին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը դեկտեմբերի 7-8-ը Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում մասնակցեց «Կրոն, ժողովրդավարություն և բազմակարծություն» կարգախոսը կրող Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին, որին մասնակցում են 94 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 06:02 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Բալիի ժողովրդավարական 9-րդ ֆորումին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը դեկտեմբերի 7-8-ը Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում մասնակցեց «Կրոն, ժողովրդավարություն և բազմակարծություն» կարգախոսը կրող Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին, որին մասնակցում են 94 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ինդոնեզիայի Նախագահ Ջոկո Վիդոդոն, ով իր ելույթում կարևորեց ժողովրդավարական արժեքների, միջկրոնական բազմակարծության և էթնիկ հանդուրժողականության դերը, միաժամանակ ընդգծելով, որ Ինդոնեզիան, բազմազգ և բազմակրոն երկիր լինելով հանդերձ, հաջողությամբ ապահովում է երկրում բնակվող տարբեր ազգերի ներդաշնակ համակեցությունը:

Ֆորումի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, ով նշել է, որ աշխարհը շարունակում է առերեսվել կրոնական հողի վրա ատելության, այլատյացության և անհանդուրժողականության երևույթների հետ, ինչը ներկայումս նոր թափով է դրսևորվում արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և սոցիալական ցանցերը չարաշահելու պայմաններում:

Նախարարի տեղակալ Պապիկյանն ընդգծել է նաև, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այլատյացություն և ատելություն սերմանող հայտարարություններից, իսկ նման արատավոր երևույթների առկայության պարագայում դրանք պետք է խստագույնս դատապարտվեն:

Կարևորվել է նաև էթնիկ և կրոնական խմբերի միջև բաց երկխոսության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ժողովուրդների ինտեգրմանը վերաբերող հարցերին՝ փոխնախարար Պապիկյանը նշել է, որ աշխարհասփյուռ հայությունը տարբեր երկրներում խաղաղ և ներդաշնակ կերպով ինտեգրված լինելով տեղի ժողովուրդների հետ՝ միաժամանակ չի դադարել կամուրջի դեր հանդիսանալ Հայաստանի ու այդ երկրների միջև և կարող է խաղաղ համակեցության հաջողված օրինակ համարվել:

Armenpress.am