Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i64014-Հայաստանի_և_Իտալիայի_արտգործնախարարները_քննարկել_են_երկկողմ_հարցերի_լայն_շրջանակ
Հռոմում հունիսի 7-ին կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 15:46 Asia/Tehran
  • Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ

Հռոմում հունիսի 7-ին կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հանդիպումը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ երկու երկրները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, ինչը ամուր հիմք է հանդիսանում տարբեր ոլորտներում համագործակցությունը առավել խորացնելու և ամրապնդելու համար. «Ես համոզված եմ, որ անցյալը ապագան կառուցելու լավագույն հիմքն է, և այս բանաձևը դրված է մեր հարաբերությունների հիմքում»։

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է ձևավորել ակտիվ քաղաքական երկխոսություն և խորացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանը և Անջելինո Ալֆանոն էական ձեռքբերում համարեցին նույն օրը հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի աշխատանքների անցկացումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությանը:

Քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք քայլերը: Անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման հարցերին։

Նախարարները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև առկա գործարար կապերի ընդլայնման շուրջ՝ այդ առումով կարևորելով երկու հարյուրից ավել գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումի անցկացումը Հռոմում։

Կարևորվեց կրթության, գիտության, մշակույթի, պատմական հուշարձանների պահպանման ոլորտներում համագործակցության շարունակական ամրապնդումը: Այս առումով արժևորվեց անցյալ տարի Իտալիայի ԱԳ նախկին  նախարար, ներկայիս վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին  համատեղ հայտարարության ստորագրումը։

armenpress.am