ՀՀ նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
https://parstoday.ir/hy/news/armenia-i64538-ՀՀ_նախագահն_ընդունել_է_ՆԱՏՕ_ի_Գլխավոր_քարտուղարի_հատուկ_ներկայացուցչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 16:08 Asia/Tehran
  • ՀՀ   նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը, ինչպես նաեւ մտքեր փոխանակելու տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած արդյունավետ հանդիպումը եւ հատուկ ներկայացուցչին խնդրել է Գլխավոր քարտուղարին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերի վերահաստատումը:

Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար եւ նրան փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի բարեմաղթանքներն ու կրկին հանդիպելու պատրաստակամությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպման սկզբում կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության եւ միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած ներդրման համար, ընդգծելով, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում: Ջեյմս Ապատուրայը նշել է, որ Երեւանից հեռանալու է այդ արդյունավետ համագործակցությունը շարունակելու հաստատակամությամբ:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Հանրապետության Նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացը եւ բարեփոխումների կարեւորությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ զարգացումներն ու իր գնահատականներն իրավիճակին: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին եւ անվտանգության տեսանկյունից մարտահրավերներին:

News.am