Էջմիածնի Մատենադարանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկրոնական հանդիպում
https://parstoday.ir/hy/news/armenia-i65860-Էջմիածնի_Մատենադարանում_տեղի_է_ունեցել_հայ_իրանական_միջկրոնական_հանդիպում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հունիսի 28-ին տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 28, 2017 16:12 Asia/Tehran
  • Էջմիածնի Մատենադարանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկրոնական հանդիպում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հունիսի 28-ին տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կազմակերպել էր ԵՀԽ Հայաստանյան  միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (Կլոր սեղան)` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի  հետ համագործակցաբար:

Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը ողջունեց ներկաներին և ընդգծեց երկու  հարևան երկրների միջև բնապահպանական թեմաներով միջկրոնական այդ հանդիպման կարևորությունը: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ քննարկմանը մասնակցում են նաև ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը և Հայաստանում հայտնի բնապահպանական ՀԿ-ները: Նազարյանը հույս հայտնեց, որ միջկրոնական հանդիպումները կդառնան ավանդական և այսուհետև կվերաբերեն նաև այլ հրատապ թեմաների:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ծայրագույն   Պատրիարք  և  Ամենայն  Հայոց Կաթողիկոսի  գնահատանքն   ու  բարեմաղթանքները   և երախտագիտություն   հայտնեց  հայ-իրանական հանդիպում-քննարկման կազմակերպիչներին:

Սրբազան Հայրը կարևորեց նման քննարկումները, որոնք նպատակ են հետապնդում նպաստել տարածաշրջանում բնապահպանության մշակույթի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների արծարծմանը: Նաթան արքեպիսկոպոսը մտահոգությամբ նշեց, որ մարդկանց կողմից բնության չարաշահումն ու շահագործումը և դրանից բխող հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ինչն անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում, այդ թվում նաև` Հայաստանում: Սրբազան Հայրը մասնավորաբար ընդգծեց ու հաստատեց այն իրողությունը, որ բոլոր կրոնները պարտավորեցնում են իրենց հետևորդներին պահպանել բնությունը՝ իբրև Աստծո արարչագործություն:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին հանդիպումը նկատեց հայ-իրանական միջկրոնական երկխոսության կարևոր քայլ: Նա հատուկ շեշտեց, որ տարբեր կրոններ դավանող Հայաստանն ու Իրանն ամբողջ  աշխարհին կարող են ծառայել՝ որպես երկխոսության և համագործակցության օրինակ:

Օրվա թեմայի շուրջ ելույթներ ունեցան Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության  ամբիոնի վարիչ Նելլի Հովհաննիսյանը՝ «Մարդու և բնության փոխազդեցությունը և փոխընկալումը ժամանակի մեջ»  թեմայով և Թեհրանի Գիտության և մշակույթի համալսարանի ռեկտոր, մշակույթի գերագույն խորհրդի  «Մշակույթ, արվեստ և ճարտարապետություն» հանձնաժողովի քարտուղար դոկտոր Մոհամմեդ Հոսեյն Իմանի Խոշխուն՝ «Կրոնական զբոսաշրջություն, մարդ և բնություն» բանախոսությամբ:

Armenpress.am