Երևանում մեկնարկեց նանոտեխնոլոգիաների ոլորտի հայ¬իրանական առաջին համաժողովը
https://parstoday.ir/hy/news/armenia-i72725-Երևանում_մեկնարկեց_նանոտեխնոլոգիաների_ոլորտի_հայ_իրանական_առաջին_համաժողովը
Երևանում սեպտեմբերի 22¬ին մեկնարկեց «Նանոգիտության և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող հայ¬իրանական երկօրյա համաժողովը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 11:32 Asia/Tehran
  • Երևանում մեկնարկեց նանոտեխնոլոգիաների ոլորտի հայ¬իրանական առաջին համաժողովը

Երևանում սեպտեմբերի 22¬ին մեկնարկեց «Նանոգիտության և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող հայ¬իրանական երկօրյա համաժողովը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Սաեդ Սարքարը, ինպես նաև Հայաստանի և Իրանի գիտական գործարար հանրության համայնքների, շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում նախարար Սուրեն Կարայանը կառավարության կողմից ողջունեց համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ սա առաջին հայ-­իրանական համաժողովն է նանոտեխնոլոգիաների ոլորտում, որը երկու երկրների միջև գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ է գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար: «Կարծում եմ, այս համաժողովը շատ լայն և մեծ հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Իրանի գիտնականների համագործակցության և նանոտեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ փնտրելու առումով: Նախարարությունը Հայաստանի տնտեսության բարգավաճումը տեսնում է գիտության զարգացման հենքի վրա, մասնավորապես զարգացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որը կարող է խթանել հայկական արտադրանքի մրցունակության բարձրացումը: Իրանը մեծ առաջընթաց ունի նանոգիտության ոլորտում , և մեր գործընկերների հետ սերտ համագործակություն հաստատելով լայն հնարավորություններ կբացվեն հայ գիտնականների համար»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ասաց Կարայանը: ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով` վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները նոր թափ են ստանում, և պետք է աշխատել, որպեսզի այս առիթը լավագույնս օգտագործվի: Օրըստօրե մեր ժողովուրդները ծանոթանում են երկու երկրների հնարավորություններին, որին նպաստեց Իրանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը:

«Հայաստան ժամանած Իրանի անվանի գիտնականները բավականին լուրջ աշխատանքներ են իրականացրել նանոտեխնոլոգիաների ոլորտում, և մեր երկիրը ունի մեծ ձեռքբերումներ տվյալ ոլորտում: Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա լավագույնս օգտագործել այս հնարավորությունը և հաջողություններ արձանագրել նանոտեխնոլոգիաների ոլորտում»,­ ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին: Միջոցառման ընթացքում քննարկվեցին բարձր տեխնոլոգիական և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցեր և ծրագրեր, ինչպես նաև ներկայացվեցին գիտական զեկուցումներ:

Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Սաեդ Սարքարը նշեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ներկայությունը այս միջոցառմանը արդեն իսկ վկայում է այն մասին, որ նանոտեխնոլոգիական ոլորտում հայ­իրանական համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: Իրանցի պրոֆեսորը համառոտ ներկայացրեց իր երկրում նանոգիտության և տեխնոլոգիաների ոլորտների ձեռքբերումները: Նրա խոսքով` Իրանը նանոտեխնոլոգիական ոլորտում վերջին տասնամյակներում մեծ հաջողություններ է գրանցել:

«2001-թ. ԻԻՀ-ում Նախագահի ենթակայության ներքո ստեղծվել է նանոտեխնոլոգիաների շտաբ: Նանոտեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ Իրանը առաջին ռազմավարական 10­-ամյա ծրագիրը ավարտել է և արդեն մեկնարկել է երկրորդ տասնամյա ռազմավարական ծրագիրը: Այդ ռազմավարության ծրագրի նպատակն է նանոտեխնոլոգիական ոլորտը ներդնել արդյունաբերության ոլորտում և մեր արտադրանքները իրացնել շուկայում»,­ ասաց Սարկարը: Սարքարը նշեց, որ մինչ շտաբի ստեղծումը Իրանը աշխարհում նանոտեխնոլոգիական ոլորտում գտնվում էր 57-­րդ տեղը,իսկ այս տարի Իսլամական Հանրապետությունը գտնվում է 4-­րդ տեղում: Միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև հնարավոր ուղղությունների շուրջ: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ:

Armenpress.am