Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին
https://parstoday.ir/hy/news/armenia-i77445-Սերժ_Սարգսյանն_ընդունել_է_ԵՄ_նորանշանակ_հատուկ_ներկայացուցչին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 09:13 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունը իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաև նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ և անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ ևս աշխատանքը կընթանա նույն ոգով: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար: Նշելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ն և Հայաստանը մի նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը ևս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

Armenpress.am