Բուլղարիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
https://parstoday.ir/hy/news/armenia-i84071-Բուլղարիայի_նախագահը_Ծիծեռնակաբերդում_հարգանքի_տուրք_մատուցեց_Հայոց_ցեղասպանության_զոհերի_հիշատակին
Պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2018 09:12 Asia/Tehran
  • Բուլղարիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, Բուլղարիայի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Բուլղարիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել տիկնոջ հետ: Նրանց ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բուլղարիայի նախագահը տիկնոջ հետ շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: «Առաջին անգամ այցելելով հուշահամալիր` ես աղոթում եմ բոլոր անմեղ հայերի համար, որոնք զոհ են գնացել 1915- 1922թթ. ընթացքում Օսմանյան Կայսրությունում կազմակերպված զանգվածային կոտորածներին: Ես ցնցված եմ ողբերգությամբ և հայերի մարդկային տառապանքներից, ովքեր զոհ են դարձել` պաշտպանելով իրենց ազգային համոզմունքներն ու ժառանգությունը: Ինձ խորապես անհանգստացնում է այն, որ այդ հայերը և նրանց ընտանիքները, ովքեր պայքարել են ապրելու համար, ստիպված են եղել հանգրվան գտնել այլ երկրներում: Ես հպարտ եմ, որ այդ բարդ ժամանակահատվածում Բուլղարիայում հաստատված և այն իրենց երկրորդ հայրենիք համարող հայերի սերունդները կողք կողքի ապրում են իրենց բուլղարացի համաքաղաքացիների հետ»,- հուշամատյանում գրել է Բուլղարիայի նախագահը: Այնուհետև Ռումեն Ռադևը եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող հիշատակի ծառուղում:

Armenpress.am